Ռուս-թուրքական հարաբերություններում երկրորդ մեղրամիսն է սկսվել՝ երկրորդ անսեր ամուսնությունից հետո: Մոսկվան վերացրեց առևտրի բոլոր սահմանափակումները, ռուս զբոսաշրջիկներին չի արգելվում Անթալիայի ավազներն ու ծովը վայելել՝ հակառակ ահաբեկչական մշտական վտանգի, Էրդողանն ու Պուտինը նորից եղբայրներ են: Այս տեղեկությունները, սակայն, այնքան էլ չէին կարևորվի, եթե չհաջորդեր ևս մեկը՝ Թուրքիային ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի բանակցությունները ավարտական փուլում են՝ տեղեկացրել է «Ֆրանս Պրեսը»՝ վկայակոչելով սպառազինության արտադրությամբ զբաղվող «Ռոստեխ» ընկերության հայտարարությունը, որ կողմերը գրեթե ավարտել են գործարքի տեխնիկական հարցերի քննարկումը:
«Ռոստեխի» տնօրեն Սերգեյ Չեմեզովը չի մանրամասնել C-400-ի գնի շուրջ Անկարայի և Մոսկվայի բանակցությունները: Ավելի վաղ ռուսական կողմը պատրաստակամություն էր հայտնել միջպետական վարկ տրամադրել Թուրքիային՝ հատուկ սպառազինություն գնելու նպատակով:
Ադրբեջանն այլևս վճարունակ չէ՞: Թե Ադրբեջանին վարկ տալ, որով կարող է զենք գնել, արդեն չափազանց կլիներ նույնիսկ Մոսկվայի համար, որ քաղաքական բոլոր որոշումները բիզնեսի ուսերին է բարդում: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիրը զենք է վաճառում հակամարտության կողմերին, իսկ հիմա նաև զինում է Թուրքիայի՞ն, որ մշտապես հակահայկական հայտարարություններ է անում հօգուտ «եղբայր» Ադրբեջանի: Չի՞ ցնդում միֆը, որ Գյումրու ռուսական ռազմաբազան պաշտպանում է Հայաստանը Թուրքիայից: Եթե պետք է Հայաստանը պաշտպանել Թուրքիայից, ինչո՞ւ է Մոսկվան C-400 վաճառում Անկարային, թե՞ նրան էլ պաշտպանում է Հայաստանից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թուրքիային C-400-ների վաճառքի տեղեկությունը առաջին անգամ չի հայտնվում մամուլում, բայց Հայաստանի ոչ արտաքին գործերի նախարարությունը, ոչ պաշտպանության նախարարությունը որևէ արձագանք չեն տվել՝ հրապարակային մակարդակով: Մինչդեռ սա այն դեպքը չէ, որ նախարարությունները կամ կարող են լռել, կամ այսբերգի քաղաքականությանը ապավինել: Ի վերջո, զինել Թուրքիային նույնն է, թե զինել Ադրբեջանին: